Հեռախոսազանգերի եւ տեղորոշման մասին տվյալները պահպանելու որեւէ մոտիվացիա չի կարող լինել. նույնիսկ եթե կասկածը իրավապահ մարմինների նկատմամբ է, իրավապահ մարմինների համար այդ տեղեկությունները որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխությունների փաթեթին, որով նախատեսվում է հեռախոսազանգերի միջոցով տեղորոշել անձանց գտնվելու վայրն ու ֆիքսել զանգելու փաստը:

Հարցին, թե որքանով կարող է հանրությունը վստահ լինել, որ արտակարգ դրության ավարտից հետո այդ տվյալները ոչնչացվելու են, նախարարը հարցով պատասխանեց. «Իսկ որքանով եք վստահ, որ այս տեղեկությունը, որ մշտապես կուտակվում է օպերատորների մոտ, երկար ժամանակ պահպանվում է, ասենք օպերատորի գլխավոր մասնագետը կարող է օնլայն հասանելիություն ունենալ այդ տվյալներին, որքանով է վստահելի, որ այդտեղից արտահոսքեր չեն լինի: Ես վստահ եմ, որ արտահոսքեր չեն լինում եւ չեն լինի, հատկապես, որ դա պետական մարմնի կողմից է իրականացվում՝ համաճարակի դեմ պայքարելու շրջանակներում: Վառ երեւակայություն է պետք ունենալ կարծելու համար, որ համաճարակի դեմ պայքարում նման կրիտիկական միջոցառումների իրականացումը ինչ-որ մեկի ուղեղում կծնվի միտք այդ ինֆորմացիան այլ նպատակներով օգտագործելու: Նաեւ բարդ է պատկերացնել այդ «այլ նպատակները»,-ասաց Բադասյանը:

Նա հաբվաստիացրեց, որ ՀՀ քաղաքացու վերաբերյալ որեւէ տվյալ հասանելի չի լինելու օտարերկրյա ընկերությունների համար: