Ղարաբաղում ընթացող ժողովրդավարական գործընթացներն առաջին անգամ չէ, որ ցուցադրում են Արցախի (Ղարաբաղի) կայացումը որպես հանրապետություն: Այս մասին ապրիլի 1-ին Ստեփանակերտում կայացած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ղարաբաղյան ընտրություններում Հայաստանի Ազգային ժողովի դիտորդների պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով հարցին` կարող է արդյո՞ք միջազգային դիտորդների եւ մի շարք ԶԼՄ-ների բացակայությունը ընտրություններին առիթ դառնա, որպեսզի դրանք անվավեր համարվեն:

ՀՀ ԱԺ փոխխոսնակի խոսքով` Ղարաբաղում ընտրությունների կայացվածության մասին կասկածներ չկան եւ չեն կարող լինել:

«Մենք լեգիտիմության առումով խնդիր չունենք: Չեմ կարծում, որ եթե անգամ այստեղ ավելի շատ դիտորդներ լինեին, ապա ինչ-որ արմատական փոփոխություններ տեղի կունենային»,- պարզաբանեց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Դրանց համաձայն` թեկնածուներից ոչ մեկը չի ստացել քվեների ավելի քան 50 տոկոսը, ուստի պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ: Այն կանցկացվի ապրիլի 14-ին:

Ընտրողների ձայները երեք առաջատարների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Արայիկ Հարությունյան` 36076 ձայն (49.26 տոկոս),

2. Մասիս Մայիլյան` 19360 ձայն (26.4 տոկոս),

3. Վիտալի Բալասանյան` 10755 ձայն (14.7 տոկոս):