Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորն է, եւ դա փաստ է: Այս մասին ապրիլի 1-ին Ստեփանակերտում կայացած համատեղ ասուլիսին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը:

Մասնավորապես, նա բարձր գնահատեց հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը:

«ԿԸՀ-ն պատշաճ կերպով կազմակերպել էր ախտահանման եւ անվտանգության միջոցների ապահովումն ընտրատեղամասերի մուտքերի մոտ: Այո, դա որոշակի խնդիրներ էր ստեղծել` քվեարության իրականացման ժամանակի տեսանկյունից, բայց ինչն էր դրական` մարդիկ պատասխանատվություն ցուցաբերեցին»,- նշեց Ծառուկյանը` ընտրությունների արդյունքները դրական որակելով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Դրանց համաձայն` թեկնածուներից ոչ մեկը չի ստացել քվեների ավելի քան 50 տոկոսը, ուստի պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ: Այն կանցկացվի ապրիլի 14-ին:

Ընտրողների ձայները երեք առաջատարների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Արայիկ Հարությունյան` 36076 ձայն (49.26 տոկոս),

2. Մասիս Մայիլյան` 19360 ձայն (26.4 տոկոս),

3. Վիտալի Բալասանյան` 10755 ձայն (14.7 տոկոս):