Մարտի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով և վնասված լյարդով բուժօգնության է դիմել 38-ամյա մի կին, նրան դանակահարել էին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը հիվանդանոց է մեկնել: Տուժողն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նրան վիրահատել են: Բժիշկներին հասցրել էր միայն հայտնել, որ Փափազյան փողոցի խանութի մոտ իրեն դանակահարել են:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ են ձեռնարկել` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ նախ ճշտվել է, որ դեպքը ոչ թե Փափազյան փողոցում, այլ Կոմիտասի պողոտայում է կատարվել, ապա ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարել է նրա 36-ամյա ծանոթը, որը Րաֆֆու փողոցի բնակիչ է:

Մարտի 30-ին նշված հասցեից կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կասկածվողը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: