Քարվաճառում «Ազատ հայրենիք» կուսակցությունից նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի աջակիցները ընտրողների են տեղափոխել: Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիտորդական առաքելության անդամ, «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ նման խախտումներ են գրանցվել եւս 2 այլ ընտրատեղամասերում:

Նա պարզաբանեց, որ ԻՔՄ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել Արցախում 49 ընտրատեղամասերում եւ Երեւանում 1 ընտրատեղամասում:

«Նախնական տվյալներով՝ գրանցվել են հետեւյալ խախտումները՝

3  ընտրատեղամասեր բավարար չափով պատրաստ չեն եղել ընտրությունների կազմակերպմանը,

16 ընտրատեղամասերում եղել են մարդիկ, որոնք իրավունք չեն ունեցել այնտեղ գտնվել,

13 ընտրատեղամասերում ընտրախցիկներում եղել է 2-ից ավելի անձ,

15-ում հանձնաժողովի անդամները համապատասխան վկայական չեն կրել,

12-ում խախտումները չեն գրանցվել մատյանում,    

9-ում քվեարկության մասին բարձր հայտարարություններ են արել,

40-ում քվեարկությունն իրականացվել է խցիկից դուրս,

2-ում փորձեր են արվել քվեաթերթիկները փողոց դուրս բերել, մեկում հանձնաժողովի նախագահն արգելել է լուսանկարել քվեաթերթիկը,

9-ում լուսանկարել են քվեաթերթիկները, ընդ որում, հանձնաժողովների նախագահները չեն դիմել ոստիկանություն,

11-ում եղել են մարդկանց կուտակումներ,

7-ում վստահված անձը փորձել է այլ անձանց հանձնարարություններ տալ,

10-ում վեճեր են առաջացել վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների միջեւ,

9-ում հանձնաժողովների նախագահները հայտարարել են, որ վատ գիտեն, թե ինչպես է պետք ամփոփել արդյունքները»,- նշեց նա:

Նրա տեղեկություններով՝ նախընտրական քարոզչության ժամանակ ակտիվորեն ներգրավվել են վարչական ռեսուրսն ու բարեգործական ինստիտուտը, ինչն իր ազդեցությունն է ունեցել ընտրողների կարծիքի վրա: