Ղարաբաղի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքն աննախադեպ էր: Այս մասին ապրիլի 1-ին Ստեփանակերտում կայացած համատեղ ասուլիսին ասաց ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Ըստ նրա` հանրապետությունում առաջին անգամ է մոնիտորինգ իրականացվել, ցամաքային հեռարձակողների համար մեթոդիկան Ղարաբաղում եւս առաջին անգամ էր մշակվել: «Եվ առաջին անգամ այդ եզրակացությունը հանձնվեց հանրության դատին»,- ասաց Հակոբյանը` նշելով, որ Ղարաբաղում մոնիտորինգ իրականացնելը շատ ավելի հեշտ է, քան Հայաստանում, քանի որ հեռարձակման կենտրոնները (հեռուստատեսություն եւ ռադիո) զգալիորեն ավելի քիչ են:

Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը կարծում է, որ Ղարաբաղում մոնիտորինգի այնպիսի մեխանիզմ է ներդրվել, որը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Դրանց համաձայն` թեկնածուներից ոչ մեկը չի ստացել քվեների ավելի քան 50 տոկոսը, ուստի պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ: Այն կանցկացվի ապրիլի 14-ին:

Ընտրողների ձայները երեք առաջատարների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Արայիկ Հարությունյան` 36076 ձայն (49.26 տոկոս),

2. Մասիս Մայիլյան` 19360 ձայն (26.4 տոկոս),

3. Վիտալի Բալասանյան` 10755 ձայն (14.7 տոկոս):