Նավթի գների պատերազմը կարող է մինչեւ տարվա վերջը ձգվել։ Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Emirates NBD բանկում շուկայական տնտեսության հարցերով ավագ տնօրեն Էդվարդ Բելը։

Գները տարվա սկզբից ընկել են ավելի քան 60%-ով՝ այն բանից հետո, երբ ՕՊԵԿ+-ին չհաջողվեց հասնել համաձայնագրի, որի արդյունքում Սաուդյան Արաբիան  եւ Ռուսաստանը գնային պատերազմի մեջ մտան։

Էր Ռիադը հայտարարել է, որ ապրիլին կմեծացնի նավթի արտահանումը՝ օրական հասցնելով այն 12,3 մլն բարելի, իսկ Մոսկվան հայտարարել է, որ երկարաժամկետ հեռանկարում կարող է մեծացնել արդյունահանումը 500 000 բարելով։

Brent ապրանքանիշի նավթն էժանացել է 5,01%-ով՝ հասնելով 25,03 դոլարի Ասիայում, այն դեպքում, երբ ֆյուչերսային գները ԱՄՆ-ում նվազել են 1,03%-ով՝ մինչեւ 20,27 դոլար։

Արդյունահանման առավել բարձր մակարդակները կարող են օգնել Սաուդյան Արաբիային պահպանել իր եկամուտները նաֆթից, կարծում է փորձագետը։ «Դա վկայում է այն մասին, որ նավթի գնային պատերազմի ռազմավարությունը կմնա ուժի մեջ բավական երկար ժամանակ՝ մինչեւ այս տարվա վերջը, եթե իսկական դիվանագիտական բեկում տեղի չունենա»,- ասել է նա։

Բելի խոսքերով՝ եթե Ռուսաստանը, որը չի մտնում ՕՊԵԿ-ի մեջ, կամ այն երկրները, որոնք մտնում են, արտադրության սահմանափակման որոշում ընդունեն, նավթի շուկան կարող է վերադառնալ վերջին մի քանի տարիների իրավիճակին։

Սակայն, նրա խոսքերով, Էր Ռիադը պատրաստ չէ նահանջել գնային պատերազմի իր ռազմավարությունից։ «Մենք իսկապես չենք տեսնում ոչ մի փոփոխություն նավթի շուկայում դիվանագիտության մեջ»։ Նա հավելել է, որ եթե թագավորությունը ուզենա իր տեղը զբաղեցնել որպես նավթի գլոբալ գերիշխող մատակարար, դա կնշանակի «մեծ ցավ» մարգինալ արտադրողների համար։