Ղարաբաղում անցկացված ընտրությունները ոչ մի համեմատություն չունեն այն բանի հետ, ինչ տեղի էր ունեցել Ադրբեջանում վերջին ընտրությունների ժամանակ: ԼՂՀ-ում ընտրությունները որակի առումով կազմակերպված էին ավելի բարձր մակարդակով: Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը Ղարաբաղում դիտորդական առաքելություն էր իրականացրել:

Նրա խոսքով՝ Ղարաբաղում ընտրողներին մոտիվացրել է այն, որ մինչեւ վերջ պահպանվեց հաղթողի վերաբերյալ ինտրիգը:

«Այն պահպանվում է նաեւ հիմա, ընդ որում՝ այսպիսի բան վաղուց չէր եղել՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Նույնիսկ աշխարհում կորոնավիրուսի տարածման ֆոնին մասնակցությունն այնպիսին էր, ինչպես եղել է 2012 թվականի նախագահական ընտրություններում»,- նշեց նա:

Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ դեռեւս հայտնի չէ, իրենց կազմակերպության մասնակցությունը ընտրությունների երկրորդ փուլին՝ հաշվի առնելով Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը:

Ղարաբաղում ընտրությունների ժամանակ հիմնական խախտումների թվում, նրա խոսքով, գաղտնի քվեարկության սկզբունքի խախտումն էր:

«Մեր կազմակերպությունը ներկայացրել է հանցագործության մասին 4 հաղորդում, դրանցից մեկով քրեական գործ է հարուցվել եւ այն էլ՝ ուշացած: Խոսքը Մարտունիում միջադեպի մասին է, երբ փորձ արվեց փակել թեկնածուի ճանապարհը: Եվս մեկ լուրջ խախտում էր քվեաթերթիկների լուսանկարումը, որոնց մասին հանձնաժողովների նախագահները, իրենց իսկ խոսքով, չեն կարողացել ոստիկանությանը հայտնել, քանի որ համապատասխան հանձնարարություն են ստացել: Մենք դեռեւս դեկտեմբերին էինք առաջարկում այս խախտումը քրեականացնել, սակայն գաղափարը չստացավ Ղարաբաղի իշխանությունների հավանությունը: Դրանից բացի, ամբողջ նախընտրական քարոզչությունն ուղեկցվել է վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ բարեգործությամբ»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ Ղարաբաղում մարտի 31-ին անցկացվել են համազգային ընտրություններ: