Միացյալ Նահանգները քննադատության է ենթարկել Կոսովոյի գործողությունները, որոնք բարդացրել են սերբերի մուտքը երկիր՝ չնայած սերբական ապրանքների տուրքերի 100 տոկոս չեղարկմանը, հայտնում է Reuters-ը։

Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի ճնշման ներքո, որոնք անցյալ ամիս դադարեցրել էին Կոսովոյին 50 մլն դոլարի տնտեսական օգնությունը, վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է, որ տուրքերը կչեղարկվեն ապրիլի 1-ից, իսկ իրավիճակի գնահատումը կկայանա հունիսի 15-ին։

Սակայն Կոսովո մուտք գործելու համար սերբական համարանիշներով բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներին այժմ ժամանակավոր համարանիշներ կպահանջվեն, սերբերին հատուկ թույլտվություն անհրաժեշտ կլինի։

Կոսովոյում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ հանդես է գալիս նոր միջոցառումների դեմ, քանի որ դրանք ավելի շատ խնդիրներ կառաջացնեն։ «Կոսովոն պետք է նվազեցնի բոլոր տուրքերը, այլ ոչ թե ստեղծի նոր արգելքներ, քանի որ այդ քաղաքականությունը վնաս կհասցնի Կոսովոյի ժողովրդին եւ կխեղդի Կոսովոյի տնտեսությունը»,- ասվում է հայտարարության մեջ։