Այս պահին ունենք արդեն 16 հաստատություն, որտեղ պահվում են մեր թե դրական, թե թեթեւ ձեւերով պացիենտները, եւ թե այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտների հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին:

«Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ այս պահի դրությամբ 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսի պոցիենտների բուժումով: Դրանք են, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Նորք Մարաշի օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան մասնաշենքը, որ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է, Արտաշատի ԲԿ-ն, Գյումրիի  եւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի ԲԿ-ի առանձին մասնաշենքը»,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ հաշվի առնելով վարակվածների թվի մեծացումը, իրենք որոշում են կայացրել, որ Հայաստանի ամենամեծ ԲԿ-ն՝ «Սուրբ Գիրգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, նույնպես պետք է զբաղվի այս խնդրով. «Այսօրվա ընթացքում այն ամբողջությամբ կդատարկվի եւ կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը:

Այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ ԲԿ-ներ, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա:

Դա մեզ թույլ կտա դեռ երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ , որ բոլոր պացիենտները հոսպիտալացվեն, իսկ թեթեւ ձեւերը մեկուսացվեն այլ վայրերում»,-ասաց Թորոսյանը: