Նոր գործիքի կիրառումն սկսվել է, որը դեռ պետք է ցույց տա իր արդյունավետությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հեռախոսազանգերի միջոցով մարդկանց գտնվելու վայրը եւ զանգերը ֆիքսելու համադրությամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու նախաձեռնությանը:

«Այս կապակցությամբ ամենաանհեթեթ մեկնաբանություններն են հնչել սկսած  նրանից, թե գաղտնալսումներ եւ այլն: ՀՀ օրենսդրությունը տալիս է հնարավորություններ օրենքով սահմանված դեպքերում առանց կորոնավիրուսի էլ գաղտնալսել, հետեւել, այլ օպերատիվ միջոցառումներ անել: Հետեւաբար, պետությունն ու կառավարությունը դա անելու համար որեւէ հավելյալ գործիք ներգրավելու անհրաժեշտություն չունի: Այսինքն ում օրենքով սահմանված կարգով պետք է գաղտնալսել, հետեւել, այդ բոլորը գործիքները կան: Աշխարհի բոլոր երկրների օրենսդրություններում դա կա: հետեւաբար այդ մեկնաբանություններին, թե իբր այդ փոփոխություններն արվել են քաղաքացիներին վերահսկելու համար, ուղղակի  անհեթեթ են:

Պատկերացրեք, քաղաքացիների 70-80 տոկոսի անվերապահ աջակցությունը վայելող կառավարությունը քաղաքացիներին վերահսկելու ի՞նչ  անհրաժեշտություն ունի: Այդպիսի անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնք չունեն լեգիտիմությունը եւ որոնց կառավարությունը չի բխում ժողովրդից»,-ընդգծեց վարչապետը: