Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում որոշում կայացրեց մաքսատուրքի արտոնություն սահմանել «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» ՍՊԸ-ի համար՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում:

Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ներքնակների արտադրության համար։ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Արարատի մարզում:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 592 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման և շուրջ 40 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումների և արտադրական տարածքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 16 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 730 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 592 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 47 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։