Բոլորին պետք է պարբերաբար թեստավորենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավո՞ր է ՀՀ բոլոր քաղաքացիներին թեստավորել։

«Տեսականորեն հնարավոր է, գործնականորեն՝ ոչ, առնվազն տեսանելի ապագայում։ Այդ պահին վիրուսի մեծ ծանրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ կտա դրական արդյունք, որից հետո կարող ենք որոշել՝ մեկուսացնենք, բուժենք կամ ոչինչ չանենք, որովհետեւ օրինակ՝ հիվանդանոցներում տեղ չկա։ Մնացած բացասականների մոտ երաշխիք չունենք, որ իրենց մոտ այդ վիրուսային ծանրաբեռնվածությունը չի արտահայտվի թեստավորումից 2 կամ 3 օր հետո։ Դա նշանակում է, որ բոլորին պետք է պարբերաբար թեստավորենք։

Մենք մեծացնում ենք մեր հզորությունները թեստավորման առումով, շուտով կհասնենք օրական 400-ից 500 թեստի, ավելի ուշ նոր սարքավորումներ ձեռքբերումից հետո կկարողանանք օրական մոտ 1500 թեստ անել»,- ասաց Արսեն Թորոսյանը։