Վրաստանում երջանիկ պատահականություն էր, որ իրենց մոտ 500 հոգանոց արտադրամասում կամ 100 հոգանոց խնջույքի ժամանակ վարակ չի եղել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ են Վրաստանում վարակակիրներն ավելի քիչ, քան Հայաստանում։

«Դեպքերի թվերը մեր գործընկերների աշխատանքի արդյունքն է, որը պետք է բարձր գնահատել, բայց համաճարակաբանական հետքի եւ պատահականության խնդիր կա։ Այն երջանիկ պատահականության, որ իրենց 500 հոգանոց արտադրամասում վարակ չի եղել կամ 100 հոգանոց խնջույքի ժամանակ։ Այդ պատճառով նրանց թվերը փոքր են, ես հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի մեր հարեւան երկրում»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը շեշտեց, որ համավարակի դեմ պայմանավորված 2 երկրներն էլ ունեն գրեթե նույն մեխանիզմները. «Վրաստանն ունեցել է ավելի մեծ տուրիստական հոսք եւ հիմա չունի։ Վրաստանը հիմա ընդհանրապես չունի որեւէ տուրիստական հոսք, ինչպես՝ ՀՀ-ն։ Այսինքն՝ Վրաստանի ներգնա բոլոր ճանապարհները փակ են, ինչպես Հայաստանի բոլոր ճանապարհները, բացառությամբ սեփական քաղաքացիների վերադարձի։ Մենք նույն մեխանիզմներն են օգտագործում։ Նույնը կարելի է ասել բեռնափոխադրումների համար»։