Կառավարության այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում որոշում կայացվեց լուծարել ՀՀ ոստիկանությանը ենթակա «Արշալույս» առողջարարական ճամբարը, որը գտնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղում:
Ոևոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծով նախատեսվում է ոստիկանության գործունեության բնագավառին ոչ բնորոշ գործառույթներ իրականացնող՝ ոստիկանությանը ենթակա կազմակերպության գործունեությունը դադարեցնել:
Նշենք, որ «Արշալույս» առողջարարական ճամբարը ստեղծվել է ՀՀ կառավարության 2005-ի մարտի 3-ի որոշմամբ: Ճամբարի հիմնական նպատակներն են ոստիկանությունում ծառայողների երեխաների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հանգստի կազմակերպումը:
Ճամբարի եկամուտները ձևավորվում են ՀՀ պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը հատկացվող, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցներից:
ՊՈԱԿ-ի փաստացի եկամուտները (մուտքերը) 2017-2018թթ.-ին կազմել են, համապատասխանաբար ըստ տարիների, 25,015.0 հազ. դրամ և 25,962.2 հազ. Դրամ :
ՊՈԱԿ-ի հաստիքների թիվը 32.5 միավոր է: Առողջարարական ճամբարում տարվա ընթացքում համապատասխան հերթափոխերով հանգստացող դպրոցահասակ երեխաների թիվը 2017-2018թթ-ին կազմել է, համապատասխանաբար ըստ տարիների, 442 և 436 երեխա, որից 413-ը և 406-ը՝ ոստիկանությունում ծառայողների երեխաներ:
Նշված ժամանակահատվածում առողջարարական ճամբարի մեկ հերթափոխում, մեկ երեխայի հանգստի կազմակերպման ծախսը միջին հաշվով կազմել է շուրջ 58000 դրամ: