Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) մտահոգված է ընտանեկան բռնության աճով շատ երկրներում որպես COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջոց ընդունված ինքնամեկուսացման պայմաններում: Ուստի հինգշաբթի օրը ԵԱՀԿ ղեկավարները կառավարություններին կոչ են արել միջոցներ ձեռնարկել կանանց եւ երեխաների պաշտպանության համար, քանի որ միշտ չէ, որ տունն ապահով ապաստան է նրանց համար, նշվում է ԵԱՀԿ ԽՎ մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Պայքարելով ճգնաժամի հետ առողջապահական ոլորտում` մասնակից պետությունները չպետք է մոռանան պաշտպանել կանանց եւ երեխաների` առանց բռնության ապրելու իրավունքը, երբ ընտանիքները մեկուսացման մեջ են: Անհրաժեշտ է անհապաղ գործողություններ ձեռարկել` նրանց [կանանց եւ երեխաների] կարիքների բավարարման համար եւ միջոցներ ընդունել նրանց պատշաճ անվտանգության ապահովման համար»,- հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

«Որոշ կառավարություններ արդեն միջոցներ են ձեռնարկում կարանտինի ընթացքում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ, ինչը, մենք հույս ունենք, որ լավ գործնական օրինակ կլինի մյուսների համար»,- գրել է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան:

ԵԱՀԿ ներկայացուցիչները շեշտում են, որ ինքնամեկուսացման ընթացքում բռնության մակարդակը կարող է աճել, մինչդեռ դրա զոհերին աջակցության ծառայությունների հասանելիությունը նվազել է: