Ապրիլյան պատերազմից չորս տարի է անցել. 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը փշրվեց փխրուն խաղաղությունը, եւ մենք կրկին պաշտպանեցինք 3 տասնամյակ առաջ արյամբ գծված սահմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գրիգոր Մարտիրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունները սկսեց՝ օգտագործելով իր զինանոցի զինատեսակները: Ցավալի է, բայց մենք նորից տեսանք ու ապրեցինք ադրբեջանական ագրեսիան, դաժանությունը խաղաղ բնակիչների նկատմամբ, համոզվեցինք, որ ադրբեջանական ձեռագիրն այդպես էլ չի փոխվել:

Այսօր մենք հիշում ու խոնարհվում ենք Մարտունիում ու Թալիշում զոհված երեխայի ու ծերերի, անձնուրաց դեպի մարտի դաշտը նետված բազմաթիվ կամավորների, եւ իհարկե, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը փայլուն կատարած սպաների ու ժամկետային զինծառայողների հիշատակին:

Նրանք կերտել են մեր նորագույն պատմության հերոսական էջերից եւս մեկը, նրանք ապացուցել են մեր կամքի ուժը, պաշտպանել երկրի սահմանն եւ նորից գծել նվիրումի չչափվող սահմանը:

Մեզ հակացուցված է պարտությունը: Մենք պետք է մեր տեղն ու դերն ամրապնդենք աշխարհի ռազմաքաղաքական ու տնտեսական քարտեզում:

Ավելի քան վստահ եմ, որ ապրիլյան պատերազմում մեր զինվորների ու քաղաքացիների անօրինակ սխրագործությունները պետք են նաեւ ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում, այսօր ու վաղը, երբ յուրաքանչյուրի միտքն ու աշխատանքը, հետեւողականությունն ու հոգատարությունը որոշիչ են Արցախի բարգավաճման ու բարեկեցության ապահովման հարցում: