Տարբեր սահմանափակումները, որոնք պետությունները մտցնում են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում, չպետք է խախտեն օրենքի գերակայությունը եւ քաղաքացիների հիմնական իրավունքները, իշխանությունները պետք է պարբերաբար վերանայեն մտցված միջոցառումները: Այս մասին նշված է Եվրամիության 14 երկրների ԱԳՆ-ների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում:

«Այս աննախադեպ իրավիճակում օրինաչափ է, որ ԵՄ անդամ պետությունները ոչ շարքային միջոցառումներ են ընդունում, որ քաղաքացիներին պաշտպանեն եւ ճգնաժամը հաղթահարեն: Բայց մենք խորապես մտահոգված ենք օրենքի գերակայության, ժողովրդավարության եւ հիմնական իրավունքների սկզբունքների խախտումների ռիսկով՝ կապված որոշ շտապ միջոցառումների սահմանման հետ,- նշված է ուղերձում: - Շտապ միջոցառումները պետք է սահմանափակվեն միայն մինչեւ ամենաանհրաժեշտը, համաչափ լինեն եւ կրեն ժամանակավոր բնույթ, ինչպես նաեւ պետք է պարբերաբար վերանայվեն եւ համապատասխանեն վերը նշված սկզբունքներին, ինչպես նաեւ միջազգային պարտավորություններին: Դրանք չպետք է սահմանափակեն կարծիք արտահայտելու ազատությունը կամ լրատվամիջոցների ազատությունը»:

Այս կապակցությամբ Բելգիայի, Հունաստանի, Դանիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Շվեդիայի ԱԳՆ-ները աջակցություն են հայտնում Եվրահանձնաժողովի նախաձեռնությանը՝ մոնիթորինգի ենթարկելու ԵՄ երկրների կողմից մտցված միջոցառումները միության հիմնարար արժեքներին համապատասխանությունը եւ կոչ են անում դրա համար գործարկել ԵՄ ընդհանուր հարցերով խորհուրդը: ԱԳ նախարարները Եվրամիության մյուս երկրներին նաեւ հիշեցնում են, որ նրանք կարող են ցանկացած պահի միանալ այս հայտարարությանը: