Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «Էպսիլոն ինվեսթ» ՍՊԸ-ին:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու են առաձգական և ոչ առաձգական ժապավենների արտադրության համար (ք. Գյումրի)։ Ընկերությունը 2018 թ-ին ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 4.7 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, ինչպես նաև 30 մլն դրամի կապիտալ ներդրում և ստեղծվել է 3 նոր աշխատատեղ:

Ներկայիս նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 210 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել 2 նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 210 մլն դրամ, որից 150 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 60 մլն դրամի արտադրանքը` ՌԴ-ում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 210 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 10.5 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը բավարարեց «Միշել Սերղանի» անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած հայտը՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

2019 թվականին հիմնադրված ընկերությունը զբաղվում է պայուսակների, գոտիների և այլ աքսոսուարների արտադրությամբ Երևանում։ Ընկերությունը երկար տարիներ գործունեություն է ծավալել Բեյրութում, սակայն պատերազմական իրավիճակի, բանկերում հաշիվների սառեցման հետևանքով որոշվել է այն տեղափոխել և գործունեություն ծավալել ՀՀ-ում:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 165 մլն դրամի չափով ներդրում, որից 150 միլիոնը կապիտալ ներդրում, իսկ մնացած մասը նախատեսված է ցանկով ներմուծվող հումքի, նյութերի և սարքավորումների ձեռքբերման համար:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 9-15 նոր աշխատատեղ` 120-130 հազար դրամ միջին աշխատավարձով:

Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն շատ լավ ազդակ է. «Մենք պետք է նախորդ շրջանի մեր բարձր տրամադրությունը տնտեսական, նկատի ունեմ մինչկորոնավիրուսային, տրանսֆորմացնենք ապագայի նկատմամբ մեր լավատեսությամբ, որն իհարկե պետք է կառուցենք աշխատանքով»: