Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությանը:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ

Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում մարտի 31-ին այս ծանր պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին:

Մարտի 31-ի արցախյան համապետական ընտրությունները կայացել են արտառոց եւ աննախադեպ պայմաններում։ Չանսալով ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի եւ խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչին ու պահանջին, Արցախի իշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։

Նշված արտակարգ պայմաններում անհնար է եղել ապահովել միջազգային դիտորդների մասնակցությունը, իսկ հայաստանյան դիտորդական առաքելությունը վտանգից խուսափելու համար ստիպված է եղել հընթացս փոխել դիտորդության մեթոդաբանությունը եւ իրականացնել այդ առաքելությունը ոչ նախատեսված ծավալով։

Այժմ քաղաքական խորհրդատվություններ ենք անցկացնում, եւ մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին»։