Իսրայելի առողջապահության նախարար, հրեական ուլտրաօրթոդոքսալ համայնքի առաջատար անդամ Յակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով, ինչը ստիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին երկարաձգել իր կարանտինի ժամկետը, հայտնում է AFP-ը։

Նեթանյահուն ինքնամեկուսացվել էր այն բանից հետո, երբ նրա աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Նրա կարանտինը նախօրեին երեկոյան էր ավարտվել։

Վարչապետի խոսքերով՝ նոր յոթօրյա ինքնամեկուսացումը պայմանավորված է 71-ամյա Լիցմանի հետ նրա շփմամբ։

Վերջինիս կնոջ մոտ նույնպես կորոնավիրուսի թեսթի դրական արդյունք է եղել։ «Լիցմանը եւ նրա կինը իրենց լավ են զգում, բուժում են ստանում եւ կարանտինի մեջ կմնան»,- ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Իսրայելական ԶԼՄ-ները նաեւ հայտնել են, որ «Մոսադի» ղեկավար Յոսի Կոհենը նույնպես կարող է ստիպված լինել ինքնամեկուսանալ Լիցմանի հետ շփումից հետո, սակայն այս տեղեկատվությունը դեռեւս չի հաստատվել։