Կառավարությունը հինգ ծրագիր է ձեռնարկել սոցիալական հետեւանքների չեզոքացման համար` խոցելի խմբերին օգնության տեսքով: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Ծրագրերից մեկով` շահառուները հղի կանայք են, ովքեր, 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ գործազուրկ են եւ ում ամուսիններն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ը եւ այլ աշխատանքի չեն անցել: Աջակցությունը տրամադրվում է միանվագ ձեւով` 100 հազար դրամի չափով նպաստի տեսքով: Մեկ այլ ծրագրով` շահառուներն այն ընտանիքներն են, որոնցում մինչեւ 14 տարեկան երեխա կա: Բացի այդ, կան նա մի շարք այլ պայմաններ. կամ եթե երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչեւ 2020 թվականի մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, կամ եթե ծնողներից մեկն աշխատանքից ազատվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը, իսկ մյուսն աշխատանք չունի, կամ եթե ծնողներից մեկը ազատվել է աշխատանքից  2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը, իսկ մյուսը մահացել է, մահացած կամ անհայտ կորած է ճանաչվել, երեխայի հետ ապրող միայնակ մայրը կամ ծնողը, ով ապրում է երեխայի հետ (եթե երեխայի ծնողները բաժանվել են), աշխատանքից ազատվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչեւ 2020 թվականի մարտի 25-ը: Օգնությունը կլինի յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար ամսական նվազագույն աշխատավարձի չափով կամ 100 000 դրամի սահմաններում: Մեկ այլ ծրագրից կարող են օգտվել այն մարդիկ, ովքեր աշխատել են մասնավոր հատվածում հունվարի 1-ից մարտի 13-ը եւ աշխատանքից ազատվել են մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում: Միջոցառումների իններորդ փաթեթը տրամադրվում է այն ծնողներին, ովքեր 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ գրանցված աշխատանք չեն ունեցել` որոշ վերապահումներով: Այն հասանելի կլինի ապրիլի 15-ից: Վերջին փաթեթից չեն կարող օգտվել այն ծնողները, ովքեր հունվարի 1-ից մարտի 1-ը գրանցված աշխատողներ են եղել եւ այս ընթացքում նրանց միջին աշխատավարձն ավելի քան 500 հազար դրամ է կազմել:

Ընդհանուր առմամբ, կարելի է օգտվել միայն մեկ ծրագրից` առաջիկա երեք ամսվա ընթացքում կապ հաստատելով բանկի հետ` գումարը ստանալու համար»,- նշեց Բաթոյանը: