Եթե չլիներ կորոնավիրուսը, մենք կարող էինք քննարկել գազի սակագնի հարցը, որովհետեւ ստացվում է, որ կողմերն իրենց պայմանները կատարել են, մինչեւ ապրիլ սակագնի հարց չի դրվել, հիմա հասել է պայմանավորված ժամկետը եւ այժմ կարող է այդ խոսակցությունը բացվել: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել ՀԾԿ հանձնաժողով: Այն վերաբերում է, մասնավորապես, սոցիալապես խոցելի խավի համար արտոնությունը չեղարկելուն:

«Բայց կարծում եմ, որ կորոնավիրուսի այս համաճարակը պետք է ստիպեր «Գազպրոմի» մեր գործընկերներին վերանայել առաջարկ անելու ժամկետները: Չեմ գտնում, որ սա լավագույն ժամանակն է այս առաջարկն անելու: Շատ ծանոթ չեմ խնդրին, բայց գնահատականս այդպիսին է: Վստահ եմ, որ վայրկյան առ վայրկյան կառավարության մեր գործընկերները բանակցում են «Գազպրոմի» հետ օպտիմալ լուծում գտնելու համար»,-ասաց ԱԺ նախագահը: