Կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների հաջողությունը երկու բաղադրիչից է կախված. առաջինը կառավարության արձագանքից եւ գործողությունների արդյունավետությունց, երկրորդը քաղաքացիների մասնակցությունից: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Որքան էլ կառավարությունը փորձի խստացնել, հորդորել, ոստիկանների միջոցով հետեւի, ի վերջո, ամեն գյուղի ամեն բակ հնարավոր չէ ոստիկանների խումբ ուղարկել, եթե մարդիկ չգիտակցեն, որ պետք չի զրուցարաններում հավաքվել ու թղթախաղ կամ նարդի խաղալ, կամ ուղղակի քննարկել շենքի իրադարձությունները: Եթե մարդիկ չմասնակցեն սրան, կառավարությունը որքան էլ ջանա, չի հաջողի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ նիստերն օնլայն ռեժիմով կազմակերպելու առաջարկին, Արարտ Միրզոյանն ասաց. «Օրենսդրությունն ասում է, որ արտակարգ դրության պայմաններում չեն խոչնդոտվում ԱԺ աշխատանքները: Սա մտածված է այն բանի համար, որ եթե որեւէ քաղաքական դրդապատճառներով արտակարգ դրություն հաստատվի, սա չլինի առիթ ճնշելու խորհրդարանին եւ գործադիրի միաձնյա իշխանությունը չհաստատվի երկրում: Այո, եւ պատգամավորները, եւ ԱԺ աշխատակազմը հասկանում են, որ կարող են իրենք վարակվել ու վարակն իրենց տուն տանել, բայց նաեւ սա հանրային ծառայություն է: Այդ զգացումը չի թողնում պատգամավորներին չաշխատել: Այլ ձեւաչափերով աշխատելու վերաբերյալ քննարկումներ կան այս օրերին, բայց որեւէ կոնկրետ բան օնլայն նիստերի կամ այլ տեսքով,  չկա»: