Անխտիր ստուգվում են բոլորի փաստաթղթերը, եթե տեղաշարժման անցաթուղթ չունեն, կազմվում է վարչական արձանագրություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւան–Արարատ մայրուղու հատվածում վերահսկման աշխատանքներ իրականացնող ոստիկաններից մեկը։

Նրա խոսքով՝ չնայած պարետի նոր որոշմանը՝ մարդիկ երբեմն անիմաստ պատճառաբանություններով են փորձում տեղաշարժվել. «Եթե մարդիկ աշխատանքի են գնում, բայց չունեն գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք անմիջապես հետ ենք դարձնում։ Եղել են դեպքեր, երբ ասել են՝ գնում ենք բանկում գործարք կատարելու, նման դեպքում հետ ենք դարձրել, կամ ասել են՝ գնում ենք մոլերից առեւտուր անելու, բնականաբար մոլերը փակ են, մարդկանց էլ բացատրել ենք, հետ ենք դարձրել»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 1–ից պարետի որոշմամբ նոր սահմանափակումներ են գործում։

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվել է: Սահմանափակումների նոր ռեժիմ է մտել նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, նրանք պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները և դա տրվում է գործատուի կողմից:

Նշենք, որ ոստիկանական ուժերին ավելացվել են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի վերահսկողությունը ավելի արդյունավետ լինի: