Շենչժենն առաջին քաղաքն է Չինաստանում, որտեղ այսուհետ արգելված է վաճառել եւ սննդի մեջ օգտագործել կատուների եւ շների միսը, հայտնում է BBC-ն։

Փետրվարին չինական իշխանությունները արգելել էին վայրի կենդանիների վաճառքն ու սննդի մեջ օգտագործումը, որովհետեւ ենթադրվում է, որ դրանց մսի օգտագործման մշակույթն է առաջացրել նոր կորոնավիրուսը։

Սակայն այժմ Շենչժենը արգելել է նաեւ տնային շների եւ կատուների միս օգտագործելը։ Օրենքն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից։

Humane Society International-ի տվյալներով՝ ամեն տարի Ասիայում մսի համար 30 մլն շուն են մորթում։

Չինաստանում ոչ բոլորն են շներ ուտում, չինացիների բացարձակ մեծամասնությունը երբեք շան միս չի փորձել եւ դրա ցանկությունն էլ չի ունեցել։

Humane Society International կազմակերպությունը, որը պաշտպանում է կենդանիների իրավունքները, ողջունել է քաղաքի իշխանությունների որոշումը։

«Դա կարող է նշանակալի իրադարձություն դառնալ այդ սարսափելի երեւույթի դեմ պայքարում, որի պատճառով տարեկան Չինաստանում 10 մլն շուն եւ 4 մլն կատու է սպանվում»,- հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Պիտեր Լին։