«Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված 78-ամյա քաղաքացի է մահացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ»,- գրել է նա։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակված եւս մեկ քաղաքացի այսօր էր մահացել, քաղաքացիների մահվան ընդհանուր թիվը դարձավ վեցը։

Ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ այսօրվա տվյալներով ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում 5 վարակակիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92  նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք:

Վերջին տվյալներով ապաքինվել է 33 անձ։