Դեմոկրատական ազգային համագումարների հանձնաժողովը հայտարարել է, որ առողջապահության ոլորտում աննախադեպ ճգնաժամի հետ կապված 2020թ․ Ազգային համագումարը տեղափոխվում է օգոստոսի 17-ին, ինչը կազմակերպիչներին լրացուցիչ ժամանակ կտա՝ որոշելու միջոցառման առավել համապատասխան ձեւաչափը։ Նախկինում համագումարը ծրագրվում էր անցկացնել հուլիսի կեսին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք կարծում ենք, որ ներկա անորոշ իրավիճակում ամենախելամիտ մոտեցումը լրացուցիչ ժամանակ տրամադրելն է, որպեսզի հետեւենք իրավիճակի զարգացմանը եւ կուսակցությանը պատրաստենք համագումարի անվտանգ եւ հաջողված անցկացմանը»,- հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Ջո Սոլմոնեզեն՝ նշելով, որ կազմակերպիչները կլսեն փորձագետների խորհուրդները՝ մտածելով միջոցառման ձեւաչափի եւ մասշտաբի հնարավոր փոփոխման մասին։

Համագումարի ընթացքում, որը կանցկացվի Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում, պաշտոնապես կառաջադրվեն նախագահի եւ փոխնախագահի թեկնածություններ։

Համագումարում նաեւ ընդունվում է Դեմոկրատական կուսակցության պաշտոնական պլատֆորմը եւ հաստատվում են տարբեր կանոններ եւ պրոցեդուրաներ, այդ թվում հաջորդ ընտրությունների համար թեկնածուներ առաջադրելու գործընթացի համար։