Կիբեռնավտանգության հարցերով զբաղվող իսրայելական վիճելի ընկերությունը ծրագրային ապահովում է մշակում, որը կորոնավիրուսի մոնիթորինգի եւ տարածման կանխատեսման համար օգտագործում է բջջային հեռախոսների տվյալները, փոխանցում է BBC-ն: 

NSO ընկերությունը պնդում է, որ կառավարությունների հետ բանակցություններ է վարում ամբողջ աշխարհում, եւ որոշներն արդեն այդ ծրագիրը թեստավորում են:

WhatsApp-ն ավելի վաղ ընկերության դեմ հայց էր ներկայացրել այն պատճառով, որ ընկերությունը վնասաբեր ծրագրեր է ուղարկել իրավապաշտպանների եւ լրագրողների հեռախոսներին: NSO-ն նաեւ դատական հայցի է բախվել, որում նրան մեղադրում են Սաուդյան Արաբիայի կառավարությանը ծրագրային ապահովման մատակարարումների մեջ, որը, ինչպես հաղորդվում է, օգտագործվել է երկրում լրագրող Ջամալ Խաշոգջիին հետեւելու համար՝ մինչեւ նրա սպանությունը: Ընկերությունն ինքը պնդում է, որ իր արտադրանքը «լիցենզավորված է բացառապես կառավարություններին եւ իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռելու օրինականորեն պայքարել ահաբեկչության եւ հանցավորության դեմ»:

Հիմա ընկերությունը որոշել է իր գործիքներն օգտագործել ավելի լավ հասկանալու համար, թե կորոնավիրուսն ինչպես է տարածվում:

«Խոսքը կառավարություններին հնարավորություն տրամադրելու մասին է հասկանալու իրավիճակը, որին բախվում են, եւ հիմնավորված որոշումներ ընդունելու: Սա իսկապես հզոր ծրագրային ապահովում է»,- հայտարարել են ընկերությունից՝ հավաստիացնելով, որ իր աշխատակիցները որեւիցե տվյալի հասանելիություն չեն ունենալու, բայց իր ԾԱ-ն ավելի լավ կաշխատի, եթե կառավարությունը բջջային կապի տեղական օպերատորներին խնդրի տեղեկություններ տրամադրել երկրում յուրաքանչյուր օգտատիրոջ մասին: Այնուհետեւ յուրաքանչյուրին, ով, ինչպես հայտնի է, վարակված է Covid-19-ով, կարելի է հետեւել քարտեզով, որտեղ նշված կլինեն մարդիկ, որոնց հետ նա հանդիպել է, վայրերը, որոնք այցելել է մինչեւ ախտանիշների հայտնվելը:

Citizen Lab-ի աշխատակից Ջոն Սքոթ Ռեյլթոնը, սակայն, ասել է, որ կառավարությունները հիմարություն կանեն, եթե օգտագործեն այս համակարգը: «Վերջինն, ինչը մեզ անհրաժեշտ է, գաղտնի ընկերությունն է, որը հավակնում է համավարակի խնդրի լուծմանը, բայց հրաժարվում է ասել, թե իր հաճախորդներն ովքեր են»,- ասել է նա:

Բջջային ցանցերից իր հաճախորդների տվյալները փոխանցել պահանջող ծրագրային ապահովումն իրենից միանգամայն այլ մոտեցում է ներկայացնում, քան շփումներին հետեւելու համար նախատեսված հավելվածները, որոնք քննարկվում են Մեծ Բրիտանիայում եւ եվրոպական շատ այլ երկրներում:

Այդպիսի հավելվածներն օգտագործելու են հեռախոսի Bluetooth միացում՝ օգտատերերին իրազեկելու համար, եթե իրենք շփվում են վիրուսով վարակված մեկի հետ, եւ գրեթե հավանական է, որ բեռնվելու են կամավոր հիմունքով:

Citizen Lab-ը նախկինում հետազոտել է NSO Pegasus-ի ծրագրային ապահովումը: Ապացույցներ են հայտնաբերվել, որ Մեքսիկայից մինչեւ Մերձավոր Արեւելքի երկրներ այն գաղտնի տեղադրվել է լրագրողների եւ այլախոհների հեռախոսների մեջ. «Ես չեմ կարող ավելի լավ ապրանքանիշ ստեղծել, որը քաղաքացիներին կստիպի  նյարդայնանալ իրենց հետեւելու կառավարության ջանքերի պատճառով»: