Գերմանիայի կենտրոնական մասում գտնվող Էրֆուրտ քաղաքից հրուշակագործ Թորսթեն Ռոթը մտածել է, թե ներկայիս դժվարին ժամանակում ինչպես առաջացնի իր հաճախորդների ժպիտը: Նրա կրպակում կարելի է գնել COVID-19-ի հետ կապված տարբեր թեմաներով փոքր տորթեր եւ կարկանդակներ, փոխանցում է Reuters-ը: 

«Մենք սկսեցինք մտածել, թե ուտելի ինչ կարող ենք պատրաստել, չէ՞ որ ես ժամանակին պատկերներ եմ պատրաստել մարցիպանից: Եվ ընկերուհուս գլխում այսպիսի գաղափար ծագեց: Մենք 20 կարկանդակ պատրաստեցինք կորոնավիրուսի ձեւով, եւ դրանք շատ արագ գնեցին: Հետո մարդիկ սկսեցին ավելի հաճախ պահանջել, եւ հիմա մենք գիշեր ու ցերեկ թխում ենք»,- ասում է Ռոթը:

Վիրուսի ձեւով կարկանդակից բացի, հաճախորդները կարող են ձեռք բերել զուգարանաթղթի գլանակի, ձեռքերի ախտահանման բաղադրությամբ շշերի ձեւով եւ պաշտպանական դիմակների վրա զվարճալի պատկերներով աղանդերներ: Հրուշակագործների խոսքով՝ քաղցրեղենը գնորդների շրջանում մեծ պահանջարկ ունի:

Ճիշտ է, ոչ բոլորն են համաձայն նման ոգեւորությանը: Թորսթենի խոսքով՝ ինքն անգամ անանուն սպառնալիքներ է ստացել, որոնցում իրեն հարցնում են՝ հումորի զգացումն արդյոք կպահպանի՞, եթե հիվանդանան իր մտերիմները: Բայց հրուշակագործը վստահ է, որ անհրաժեշտ է շարունակել ուտել կարկանդակները եւ ժպտալ: