Հայաստանում բիզնեսի սկսնակներին կարող են Ներդրումային աջակցության հիմնադրամի կողմից առանց գրավի մինչեւ 5 միլիոն դրամ երաշխիքային վարկեր առաջարկվել: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա պարզաբանեց, որ կառավարությունը կարող է վերանայել այս ծրագրի ֆինանսավորման ծավալը:

Ինչ վերաբերում է տնտեսության վերականգնման համար համակարգային միջոցառումներին, ապա նախարարն ասաց, որ պետությունը ծախսերի ավելացման կգնա, այդ թվում` պարտքերի ավելացման հաշվին, որը հասարակությունը հետո պետք է վերադարձնի, ուստի հարկավոր է լավ հաշվարկել բոլոր քայլերը:

«Կառավարությունը պետք է նախանշի ծախսերի այն ոլորտները, որոնք, մեծ մասամբ, կօգտագործվեն կապիտալ շինարարության, ճանապարհաշինության ինտենսիվացման եւ տնտեսական ու սոցիալական աջակցության միջոցառումների իրականացման համար: Բիզնեսը, իր հերթին, նույնպես պետք է ողջամիտ որոշումներ կայացնի»,- ասաց նա: