Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության աջակցության միջոցների համալիրը:

«Ծրագրում, որը գործում է դեռ անցած տարվանից, կառավարությունը աջակցության առումով որոշակի հավելումներ է արել: Ֆերմերները կարող են մինչեւ 1 մլն դրամի միկրովարկ ստանալու հայտ ներկայացնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը հավելել է, որ գյուղատնտեսության ոլորտում նոր հնարավորություններն ունեն նաեւ կոոպերատիվները, որոնք պետական համաֆինանսավորում են ստանում:

«ԱՅդ ծրագրով 2019 թվականին ավելի քան 9000 շահառու է եղել, որոնք պետական աջակցության շնորհիվ սուբսիդավորել են վարկային կամ լիզինգային միջոցներն ավելի քան 53 մլրդ դրամի չափով: Հիմնական տոկոսը վճարել է պետությունը: Իսկ այս տարի դրանք ամբողջովին կվճարվեն պետության կողմից: Այս տարի այդ գումարը կլինի 1,5 անգամ ավելի մեծ ինչպես վարկերի, այնպես էլ տոկոսների առումով: Տարեվերջին այդ միջոցներն օգտագործող ֆերմերների թիվը կկազմի 10 000-ի, իսկ բանկային ռեսուրսները՝ առնվազն 60 մլրդ դրամ»,- հավելեց Խաչատրյանը:      

Նա պարզաբանեց, որ մինչեւ ապրիլի 1-ը պետությունն առաջարկում է դրամային վարկավորում:

«Սակայն նախքան ֆերմերները կորոշեն՝ ինչ արժույթով վարկ վերցնել, նրանք պետք է գնահատեն բոլոր ռիսկերը»,- նշեց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ խոզաբույծների եւ թռչնաբույծների համար գործում է 30 տոկոսանոց պետական համաֆինանսավորում 3-15 մլն դրամի չափով վարկի համար:

«Օրինակ, 5 մլն դրամից բանկը պահանջում է միայն 3,5 մլն դրամը վարկային ապահովման համար, քանի որ մնացած մասը պետությունն իր վրա է վերցնում»,- եզրափակեց նախարարը: