Կարճաժամկետ խնդիրների լուծման համար գազի ֆիքսված գնից «լողացող գնի» բանաձեւին անցումը լավ կլիներ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը նույն ծավալի համար այժմ 2 անգամ ավել է վճարում, քան եվրոպական սպառողը, բայց երկարաժամկետ հեռանկարում դա կարող է «չար կատակ» խաղալ մեզ հետ, քանի որ էներգետիկ շուկան վաղ թե ուշ կայունանալու է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

Ըստ նրա` 2020-ի ընթացքում գները, ամենայն հավանականությամբ, կրկին բարձրանալու են, չնայած կարող են եւ չհասնել այն մակարդակին, որը 2018-ին էր, բայց, ամեն դեպքում, կարելի է կանխատեսել, որ դրանք կարող են բարձրանալ մինչեւ 200 դոլար:

Նա հիշեցրեց, որ ճգնաժամից առաջ Եվրոպայում գազի գինը 220 դոլարի էր հասնում: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բեն Սալմանի միջեւ բանակցություններից հետո արդեն որոշակի կայունացում է նկատվում, եւ համաշխարհային գների վերջնական հավասարեցման դեպքում դրանք կարող են 165 դոլարից բարձր լինել, որքան եւ այժմ Հայաստանը վճարում է սահմանին, ուստի կարճաժամկետ խնդիրները լուծելու ցանկությունը կարող է ապագայում շատ վնասել: Գազի գները, որոնք կապված են նավթի գների հետ, կարող են բարձրանալ, եւ մենք 165 դոլարից շատ կվճարենք»,- նշեց Վահե Դավթյանը:

Փորձագետը հավելեց, որ մինչեւ 2025 թվականը, երբ ԵՏՄ տարածքում կգործարկվի բնական գազի ընդհանուր շուկան, մենք ստիպված կլինենք հարմարվել, քանի որ դա գազի բորսայի աշխատանք կնշանակի, որտեղից միության երկրները նավթ կգնեն ոչ թե երկարաժամկետ, այլ ընթացիկ գներով:

«Դրանք, իրենց հերթին, պայմանավորված կլինեն համաշխարհային շուկաներում տիրող ընթացիկ իրավիճակով: Հետեւաբար, պետք է պատրաստվել արդեն հիմա»,- եզրափակեց նա: