Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ չի ապաքինվել կորոնավիրուսից ինքնուսուսացման մեջ անցկացրած մեկ շաբաթվա ընթացքում: Տեսանյութում, որը Կառավարության ղեկավարն ուրբաթ օրը հրապարակել է Twitter-ի իր էջէին, նա ասել է, որ դեռ բարձր ջերմություն ունի` չնայած ինքնազգացողության ընդհանուր բարելավմանը:

«Չնայած ես արդեն ավելի լավ եմ զգում եւ յոթ օր մեկուսացման մեջ եմ անցկացրել, ցավոք սրտի, ախտանիշներից մեկը` ջերմաստիճանը, դեռ պահպանվում է: Ուստի, կառավարության հրահանգների համաձայն, պետք է շարունակեմ մեկուսացնել ինձ ուրիշներից` մինչեւ վերջին ախտանիշը չվերանա», - ասել է Ջոնսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բացի  Ջոնսոնից, կորոնավիրուս էր ախտորոշվել նաեւ Ուելսի թագաժառանգ արքայազն Չարլզի եւ երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոկի մոտ, ովքեր արդեն ապաքինվել են: Ինքնամեկուսացման մեջ են գտնվում Շոտլանդիայի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Ալիսթեր Ջեքը, Անգլիայի գլխավոր սանիտարական բժիշկ Քրիս Ուիթին, վարչապետի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսը:  Ըստ բրիտանական իշխանությունների տվյալների` ապրիլի 2-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 33.718-ի, գրանցվել է մահվան 2.921 դեպք: