ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվելով ՌԴ Սեւաստոպոլ քաղաքում, 2018թ. հունիսի 20-ին՝ ժամը 01.55-ի սահմաններում,  նշված քաղաքի Բալակլավսկի շրջանի «Վեսնա» այգեգործական ընկերության 2-րդ Օգոռոդնի նրբանցք տանող շրջադարձի մոտ հանդիպելով  իր ծանոթ ՌԴ բնակչուհուն՝ մոտեցել է նրան եւ փորձել սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ՌԴ բնակչուհին գոռացել է եւ օգնություն կանչել, որի պատճառով տղամարդը, չկարողանալով իր հանցավոր արարքն ավարտին հասցնել, հեռացել է դեպքի վայրից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերեւույթ հանցագործությունը կատարած անձին   մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: