Ազատամարտիկ, Պռոշյանի նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանությունից անցել է յոթ տարի։ Այս ընթացքում սպանության գործով վարույթը կասեցվել և վերսկսվել է երեք անգամ։ Գործի վարույթը վերջին անգամ վերսկսվել է 2019թ. ապրիլին. այդ ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հանդիպելով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչների հետ, հայտարարել էր, որ առկա են գործին առնչվող նոր տեղեկություններ, որոնք նպաստում են գործի քննությունը նոր թափով վերսկսելուն: Այս կապակցությամբ NEWS.am–ը գրավոր հարցում էր ուղակել դատախազութուն՝ ճշտելու, թե վերջին մեկ տարվա ընթացքում ի՞նչ նոր տվյալներ են ստացվել, և դրանք  ի՞նչ նշանակություն են ունեցել գործի բացահայտման համար։

 Ի պատասխան՝ դատախազությունից հայտնել էին, որ Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է, քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցողներ չկան։

«Քրեական գործով իրականացվում են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ»,–ասված է մեզ ուղարկված պատասխանում։

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի մասնակից, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել է 2013թ.-ի ապրիլի 2-ին համայնքապետարանի շենքի դիմաց: ԴԵպքից հետո ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որը, սակայն, 10 ամիս կալանավայրում անցկացնելուց հետո ազատ արձակվեց, քանի որ նրա առնչությունը հանցագործությանը չէր հաստատվել: