Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ դարձել էր Հայաստանում կորոնավիրուսի էպիկենտրոնը, փողոցները այսօր էլ կիսադատարկ են, բայց քաղաքն արդեն հանդարտ է, խուճապի զգացողություն չկա։ Այստեղ կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերումից հետո մարդաշատ քաղաքը կտրուկ դատարկվեց, փակվեցին հագուստի, ծաղկի եւ մնացած ոչ առաջին անհրաժեշտության խանութները։

Խանութները շարունակում են մնալ փակ, այգիներն ու եկեղեցիները՝ դատարկ։ Առաքման միայն երկու սննդի կետ է աշխատում, մյուսների աշխատանքը դադարեցվել է։ Փողոցում հիմնականում հանդիպում են մթերային խանութ, դեղատուն գնացողներն ու տաքսու վարորդները։ Վերջիններիս համար, սակայն, խոսքն ավելի շատ ժամանակ անցկացնելու, քան աշխատելու մասին է․ պատվերների քանակը կտրուկ նվազել է։

«Մարդ չկա, մենակ մենք ենք։ Դուրս ենք գալիս արդեն ոչ թե գործի, այլ ժամանակ անցկացնելու։ Վիրուսն էնքան չկար, ինչքան իր պանիկան էր, ժողովուրդը կամաց–կամաց հարմարվում ա, ու շատ զգույշ են ամեն դեպքում»,- ասում է Էջմիածնեցի տաքսու վարորդներից մեկը։

Հաճախորդների պակասից բողոքում են նաեւ փոքր մթերային խանութների սեփականատերերը․ «Մարդիկ չեն գալիս, քյասիբ են, որտեղի՞ց առեւտուր անեն։ Առաջ 150-200 հազար դրամի հասցնում էինք, էսօրվա դրությամբ 50-60 հազար առևտուր ենք անում, ո՞նց պիտի ապրենք, մարդ չկա քաղաքում»։