ԵՊՀ տարբեր ֆակուլտետների չորրորդ կուրսի ուսանողները բաց նամակներով դիմում են ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին՝ խնդրելով հետաձգել իրենց քննությունները եւ ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը։ Ուսանողներն իրենց ֆեյսբուքյան էջերում տեղադրում են նախարարին ուղղված բաց նամակը։ Ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը։

«Բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan-ին, ԵՊՀ Ռեկտորատին

Հարգելի՛ պարոն նախարար, ԵՊՀ ռեկտորատ,

Ձեզ ենք դիմում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի անունից:

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը փոխել է համայն մարդկության կենսակերպը՝ ուշադրությունը բևեռելով համաճարակի կանխարգելման և մարդկանց առողջության պահպանման միջոցառումների կազմակերպման վրա: Հասկանալի է, որ կյանքը շարունակվում է, և ուսումնական գործընթացը չի կարող կասեցվել: ԵՊՀ դասախոսների և ՏՏ ոլորտի մասնագետների ջանքերով իրականություն դարձավ հեռավար ուսուցումը:

Մենք՝ 4-րդ կուրսեցիներս, նախապես իրազեկվել ենք, որ մեր քննությունները հետաձգվել են: Օրերս տեղեկացանք, որ քննական գործընթացը չի հետաձգվել և կազմակերպվելու է առցանց տարբերակով 6-10-ը ընկած ժամանակահատվածում: Չի հետաձգվել նաև ավարտական աշխատանքների հանձնման` մինչև 17.04.2020 և նախապաշտպանության`20.04.2020-23.04.2020 ժամկետները:

Հարգելի՛ ղեկավարություն,

մենք ևս հասարակության անդամ ենք և այս դժվարին ժամանակահատվածում չենք կարող զերծ մնալ իրավիճակից բխող տրամադրություններից: Եթե անգամ կարողանանք կենտրոնանալ և պարապել՝ հանձնելով քննությունները, ապա ավարտական աշխատանքների դեպքում կկանգնենք լուրջ խնդրի առաջ: Մեզանից շատերի ավարտական աշխատանքները, թեմայով պայմանավորված, ներառում են հետազոտության տվյալներ, որոնք պետք է իրականացվեն կոնկրետ կազմակերպության օրինակով: Մեր առաջ արդեն իսկ մեծ թվով խոչընդոտներ կան, ուստի խնդրում ենք վերանայել ավարտական աշխատանքների հանձնման, նախապաշտպանության և պաշտպանության ժամկետները: Այս պահին մենք ունենք Ձեր աջակցության կարիքը, մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ և ուսանողներ, կատարում ենք մեր պարտքը, որպեսզի հնարավորինս շուտ հաղթահարվի այս դրությունը, սակայն ակնկալում ենք նաև, որ դուք ևս պետք է ըմբռնումով մոտենաք ստեղծված իրավիճակում մեր դրությանը և կիսեք մեր մտահոգությունը:

Հարգանքով՝

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրս»։