Human Rights Watch կազմակերպությունը տարածել է հայտարարություն Հայաստանի Ազգային ժողովի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում ընդունած փոփոխությունների կապակցությամբ։
Ըստ հայտարարության՝ այդ փոփոխությունները սահմանափակում են մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքն ու երկրի իշխանությունների համար հասանելի դարձնում կորոնավիրուսով վարակված մարդկանց վերաբերող գաղտնի բժշկական տեղեկատվությունը։
Սակայն, կազմակերպությունը նշում է, որ, չնայած պանդեմիան կանխելու համար մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումները կարող են ընդունելի լինել, «կառավարությունը պետք է ապահովի, որ այդ սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ եւ համաչափ»։
Հայտարարության մեջ նշված է, որ երկրների կառավարությունները պետք է դիտարկեն այդ տեղեկությունները հավաքագրելու համար խիստ սահմանափակումներ մտցնելու, դրանց օգտագործման նպատակների շուրջ հարցերը։
Բացի այդ, մարդիկ պետք է իրազեկվեն այն դեպքում, եթե նրանց տվյալները հավաքագրվում են, նշում է կազմակերպությունը։
Եթե երկրում արտակարգ դրությունը պահպանվի երկարատեւ հեռանկարում, կառավարությունները պետք է պարբերաբար ստուգեն՝ անհրաժե՞շտ է արդյոք ոչնչացնել գրառումները, որոնք այլեւս ակտուալ չեն, նշվում է հայտարարության մեջ։