Մասիսի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի սրտաբաններից մեկին երեկ տեղափոխել են «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց»՝ կորոնավիրուսի թեստավորման։ Այս մասին hetq.am-ի հետ զրույցում ասել է բուժկենտրոնի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը։

Դեռևս հայտնի չեն բժշկի կորոնավիրուսի թեստի արդյունքները: «Մեկ օր մի քիչ ջերմություն ունեցավ, մեկուսացրեցինք, երեկ ուղարկեցինք թեստավորման»,-ասել է Հայկ Հովհաննիսյանը:

Բացի այդ, ըստ աղբյուրի, բուժկենտրոնի երկու բժիշկների մոտ արդեն իսկ հաստատվել է կորոնավիրուսով վարակված լինելու փաստը։ Մի բժիշկ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից է: «14 օր Ծաղկաձորում մեկուսացված էր, կոնտակտավոր էր։ 14 օր հետո կրկնակի թեստավորման ժամանակ հայտնաբերվեց։ Արդեն երկու օր է` «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է»»,- հայտնել է ԲԿ տնօրենը:

Կորոնավիրուսով վարակված մյուս բժիշկը շտապօգնության բաժանմունքից է։ Ըստ տնօրենի՝ 10 օրից ավելի է, ինչ հաստատվել է նրա՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը։ 3-4 օրից հիվանդանոցից դուրս կգրվի:

Հ.Հարությունյանի խոսքով` կորոնավիրուսով վարակված լինելուց զատ՝ «Մասիսի բժշկական կենտրոնից» ինքնամեկուսացված երկու-երեք բժիշկ կա:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում այսօր հայտնել էր, որ ապրիլի 2-ի դրությամբ Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք։