Zoom Video Communications ընկերության ծառայության միջոցով կատարված անձնական տեսազանգերի մի քանի հազար ձայնագրություն հասանելի է դարձել համացանցում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Washington Post-ը:

Ըստ պարբերականի` ձայնագրությունները տեղադրվել են YouTube եւ Vimeo վիդեոհոսթինգի կայքերում: Նյութերը ներառում են տարբեր ընկերությունների աշխատանքային կոնֆերանսներ, տարրական դպրոցում դասընթացներ, ինչպես նաեւ ծառայության օգտատերերի անձնական զրույցները: Պարբերականը հայտնել է, որ մարդիկ, որոնց տեսագրությունները հայտնվել են համացանցում, չգիտեին, որ իրենց տեսազանգը ձայնագրվում է եւ կտեղադրվի համացանցում:

Սա այս ծառայության օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի առաջին դեպքը չէ: Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ամերիկյան Սակրամենտո (Կալիֆորնիա) քաղաքի բնակիչը դատի է տվել Zoom-ին` իբր երրորդ անձանց գաղտնի տեղեկություններ տրամադրելու համար: Հայցվորի հայտարարության մեջ նշվում է, որ հավելվածը տեղադրելիս կամ բացելիս ծառայությունն առանց նախազգուշացնելու օգտատիրոջ մասին տեղեկատվությունը փոխանցում է երրորդ կողմին, օրինակ ՝ Facebook-ին:

Ըստ Bloomberg-ի` Zoom-ի հանրաճանաչությունը հատկապես մեծացել է կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, քանի որ ամբողջ աշխարհում ընկերությունների մեծ մասն անցել է հեռավար աշխատանքի: Արդյունքում, ընկերության բաժնետոմսերի արժեքը տարվա սկզբից ավելացել է գրեթե երկու անգամ:

Ընկերությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Սան Խոսեում, հիմնադրվել է 2011 թվականին չինական ծագմամբ ամերիկացի գործարար Էրիկ Յուանի կողմից: Ձեռնարկատիրոջ ունեցվածքը, ըստ Forbes ամսագրի, ներկայումս 6.5 միլիարդ դոլար է գնահատվում: