Սովորաբար կենդանիների նույն կենսաբանական տեսակի որձերի եւ էգերի մեջ նկատելի անատոմիական տարբերություններ են լինում։ Բայց ժամանակ առ ժամանակ բնությունը ստեղծում է երկու սեռերի կոմբինացված օրգանիզմներ, հաղորդում է Nat-geo-ն։

Այդ երեւույթը հայտնի է որպես գինանդրոմորֆիզմ, եւ գիտնականները հիմա հայտնաբերել են գինանդրոմորֆային մեղու Megalopta amoenae, որը բնակվում է Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում։ 

Մեղվի ձախ մասը ֆիզիոլոգիապես որձ է՝ փոքրիկ, նուրբ ստորին ծնոտով, երկար բեղով եւ բարակ քիչ մազածածկույթով հետեւի ոտքով։ Աջ մասն ունի էգին բնորոշ հատկանիշներ՝ ավելի կարճ բեղ, հստակ արտահայտված ատամնավոր ծնոտ եւ հաստ ու մազոտ հետեւի ոտք։

Գինանդրոմորֆներ հայտնաբերվել են մեղուների 140 տեսակի մոտ, ինչպես նաեւ՝ թիթեռների, թռչունների եւ խեցգետնանմանների մոտ, սակայն գործնականում անհայտ են կաթնասունների շրջանում։ Համենայնդեպս, մեղուների մոտ դա սովորաբար կարելի է տեսնել միայն միջատի մահվանից հետո։

Այս անգամ կենդանի գինանդրոմորֆ մեղուն հայտնաբերվել է Կորնելի համալսարանի գիտնականների կողմից՝ միջատաբան Էրին Կրիչիլսկիի գլխավությամբ Պանամայի Բարրո-Կոլորադո կղզու անտառում կատարված հետազոտությունների ընթացքում։ Գիտնականները նշում են, որ կենդանի գինանդրոմորֆ մեղուի հայտնաբերումը մեծ հաջողություն է եւ այն մեծապես կնպաստի այդ միջատների մասին շատ նոր բաներ իմանալուն։