Սիրիայի հյուսիսային մասում եւ Թուրքիայի հարավում ապրում է գերմանամկների ընտանիքի զարմանալի ներկայացուցիչ՝ սիրիական գերմանամուկը (Mesocricetus auratus)։ Այս կրծողը խոցելի կենդանիների դասին է պատկանում։ Նրա բնակության վայրում ուտելիքի մշտական առկայություն երաշխավորված չի կարող լինել, այդ պատճառով նա, ինչպես եւ գերմանամկների մյուս տեսակները, սովորել է վարպետորեն պահուստավորել այն, հայտնում է Nat- geo-ն։

Սիրիական գերմանամկները միջինը երեք տարի են ապրում, բայց այդ ընթացքում նրանք մոտ մեկ տոննա ուտելիք են տեղափոխում։ Իրենց բներում պահուստներ ստեղծելով՝ նրանք ուշադիր հետեւում են, որ ուտելիքը չփչանա՝ ջոկելով այն։ Ռենտգենի օգնությամբ գիտնականները հետեւել են, թե ինչպես է կենդանին տեղաշարժվում իր տարածքում եւ ինչպես է նա տեղափոխում իր ուտելի «գանձերը»։

Պարզվել է, որ կրծողն անհավանական ճկուն է՝ նա ունակ է ճկվել 180 աստիճան եւ շրջվել նեղ թունելում։ Զարմանալի է նաեւ սննդի չափը, որը նա որոշում է տանել իր հետ։ Գերմանամկան առջեւ ընդհանուր 20 հատ չրով եւ ընկույզներով թասիկ են դրել։ Նա անմիջապես սկսել է այտերի մեջ լցնել դրանք եւ կանգ չի առել մինչեւ ամբողջն իր մեջ չի խցկել։ Հայտնի է, որ այս կենդանու մաշկը ձգվում է՝ թույլ տալով ուտելիք տեղավորել ոչ միայն այտերի մեջ, այլեւ ուսերի շրջանում։

Չի տեղավորվել միայն մեկ կտոր միրգ, սակայն նա չի ցանկացել դա թողնել եւ տարել է ատամների մեջ պահած։ Այդ պատճառով նեղ խողովակով անցնելն ավելի դժվար է եղել, քան նախատեսվում էր, սակայն կենդանուն հաջողվել է տեղ հասցնել ամբողջ ուտելիքը։ Այժմ գիշատիչներից հեռու նա կարող է անշտապ տեսակավորել իր պահուստները։