Եթե Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեն հայտնվի Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության` ԻԿԱՕ-ի սև ցուցակում, ապա հայաստանյան ավիաընկերություններին լիցենզիա տրամադրելու գործընթացը կսառեցվի, ինչը ենթադրում է, որ հայկական ավիաընկերությունների կողմից ռվրոպական ուղղություններով չվերթները կդադարեցվեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը քննարկում է Հայաստանի Քաղաքավիացիայի պետական կոմիտեին լիցենզիայից զրկելու հարցը։

Գևորգ Խաչատրյանը պարզաբանեց, որ Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը տարբեր ժամկետներով, ինչպես նաև անժամկետ հավաստագրեր է տրամադրում տվյալ երկրի ավիացիոն հարցերով զբաղվող իրավասու մարմնին և ցանկացած պահի կարող է կասեցնել տվյալ հավաստագրի գործունեությունը։ Սակայն, ըստ նրա՝ լինում են դեպքեր, որ ավիաընկերություններն իրենք, որպես առանձին կառույց դիմում են միջազգային ավիացիոն կազմակերպությանը և դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու թույլտվություն ստանում։ Նշենք, որ «Արմենիա» ավիաընկերությունը մինչև նոր տիպի կորոնովիրուսով պայմանավորված չվերթների դադարեցումը դեպի Եվրոպա շաբաթական իրականացնում էր 1 կանոնավոր և 9 չարթերային չվերթներ։ «Եթե ավիաընկերությունը չստանա հավաստագիր, ապա զգալի կորուստներ կկրի, կխախտվի ընկերության բիզնես պլանը: Պատկերացրեք՝ ծրագրել ես իրակաանցնել եվրոպական ուղղությամբ 15 չվերթ, սակայն եթե մի օր պարզվում է, որ դու չես կարող այդ չվերթներն իրականացնել, ստիպված ես այլ շուկաներ փնտրել, ինչը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է»,-ասաց Խաչատրյանը։

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենը, սակայն, հորդորեց սպասել պաշտոնական տեղեկատվությանը։

«Ներկա պահին ամեն ինչ պայմանական է. փորձենք սպասել պաշտոնական տեղեկատվությանը և կանխատեսումներ չանել»,–ասաց նա։

Նշենք, որ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներին հորդորել է սպասել Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանմանը, որը, ըստ նրա՝ ամեն ինչ իր տեղը կդնի: Մինչ այդ NEWS.am–ը զրուցել է նաև ավիացիոն ոլորտի լավագույն մասնագետներից մեկի՝ «Էյր Արմենիա» ավիաընկերության նախկին աշխատակցի հետ (խմբ․ իր խնդրանքով չենք հրապարակում անունը), որն ուշագրավ մանրամասներ հայտնեց Քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակի, ԻԿԱՕ-ի սև ցուցակում հայտնվելու հնարավոր հետևանքների մասին։ Նրա խոսքով, եթե հաստատվի, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնվել է ԻԿԱՕ-ի սահմանափակումներում, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ օդանավ իրավունք չի ունենա թռիչք իրականացնել դեպի Եվրամիության անդամ որևէ երկիր։ Ավելին, եթե սահմանափակումները վերաբերեն նաև օդաչուներին և օդանավի անձնակազմին, ապա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու մասով նրանց իրավունքները նույնպես կսահմանափակվեն։ Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Հայաստանը նմանատիպ իրավիճակում հայտնվել է դեռևս 2012-ին, երբ Արաբական Միացյալ Էմիրությունների ավիացիոն իշխանությունները կասեցրեցին հայկական ավիաընկերությունների մուտքն իրենց երկիր՝ հայկական որոշ ավիաընկերությունների կողմից մի շարք խախտումների պատճառով։

«Այդ ժամանակ խախտումների պատճառները պարզելու համար ԱՄԷ–ի իրավասու մարմինները ցանկացել են ստուգումներ իրականացնել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, սակայն հայկական կողմը, բնականաբար թույլ չի տվել, ինչից հետո գործընթացը սառեցվել է։ Փաստացի 2012թ. մինչ օրս որևէ հայկական ընկերություն դեպի ԱՄԷ չվերթ չի իրականացրել»,–ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի ոլորտը միջազգային կազմակերպության վերահսկողության տակ է հայտնվել դեռևս նախորդ տարվանից, երբ տեղական «Տարոն–Ավիա», «Ատլանտիս էյրվեյս» և «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունները դիմել են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Երկու ընկերություններ թույլտվություն ստացել են, իսկ «Տարոն–Ավիան»՝ ոչ, քանի որ այդ ընկերությունում թռիչքային անվտանգության հետ կապված մի շարք խախտումներ էին հայտնաբերվել։ 2019թ. նոյեմբերին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից օդանավ շահագործողի վկայականի գործողության կասեցումից հետո «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը։ Դրանից հետո ԻԿԱՕ-ն ստուգումներ է սկսել նաև Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում։

«Հայաստանի ավիացիոն իշխանությունները, ստուգումներից վեց ամիս առաջ տեղեկացված են եղել այդ մասին, սակայն խնդրին մատների արանքով են նայել։ Փոխարենը մասնագետների հրավիրեին՝ թեկուզ վճարովի հիմունքներով  և պատրաստվեին  ստուգմանը, զբաղված են եղել  լոուքոստեր ներգրավելով, արդյունքում ստուգումներ են իրականացվել և մի շարք թերություններ հայտնաբերել»,–ասաց մեր աղբյուրը՝ հույս հայտնելով, որ այդ թերությունները պատճառ չեն դառնա, որպեսզի մեր կառույցը հայտնվի ԻԿԱՕ-ի սև ցուցակում։

Անդրադառնալով Հայաստանի վարած «բաց երկնքի» քաղաքականությանը՝ մեր զրուցակիցը նկատեց, որ Հայաստանում հիմնված որևէ ազգային փոխադրող չի կարող նման պայմաններում գործունեություն ծավալել, քանի դեռ հավասար մրցակցային պայմաններ ապահովված չեն ավիափոխադրողների համար։

«Ներկայիս իշխանությունները շարունակում են ավիացիոն ոլորտում նախկինների որդեգրած սխալ քաղաքականությունը։ Հայաստանը չի կարող ունենալ զուտ ազգային ավիափոխադրող, Հայաստանը պետք է ունենա ազգային ավիացիա, որը պետք է լինի ինքնաբավ, միայն այդ  պարագայում կարող են ընկերությունները երկար աշխատել շուկայում»,–ասաց ոլորտի մասնագետը՝ ցավով արձանագրելով, որ Հայաստանի թե նախկին, և թե ներկա իշխանությունները շահագրգռված չեն  ինքնաբավ ազգային փոխադրող ունենալու հարցում։