Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը նոր առաջնորդ է ընտրել՝ Կիրա Սթարմերին, որը կփոխարինի Ջերեմի Քորբինին, վկայում են քվեարկության արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

57-ամյա Սթարմերը շրջանցել է երկու հիմնական թեկնածուներ Ռեբեկա Լոնգ Բեյլիին եւ Լիզա Նենդիին՝ առաջին փուլում հավաքելով ձայների 56,2%-ը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում, որը տեւել է մոտ երեք ամիս, Սթարմերը խոստացել է միավորել կուսակցությունը եւ դնել այն իշխանության ուղու վրա։

Իր ուղերձում լեյբորիստների նոր առաջնորդը նշել է, որ իր համար «պատիվ ու առավելություն» է կուսակցության ընտրված առաջնորդ լինելը այս բարդ ժամանակներում։

Սթարմերը կրթությամբ իրավաբան է, 2015-ին նա Լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր է ընտրվել։ Մինչ այդ նա գլխավորել է Անգլիայի եւ Ուելսի Թագավորական դատախազական ծառայությունը։

Ջերեմի Քորբինը, որը հինգ տարի լեյբորիստների առաջնորդն է եղել, խոստացել էր հեռանալ պաշտոնից, երբ դեկտեմբերի 12-ի ընտրություններում կուսակցությունը պարտվել էր պահպանողականներին։

Քորբինը միշտ աչքի է ընկել ձախ հայացքներով, ի սկզբանե նա կողմ էր ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Սթարմերը խոստացել էր պահպանել քաղաքական ծրագրի մի շարք դրույթներ, որ առաջարկել էր նախորդ առաջնորդը։ Դրանցից են՝ հարկերի բարձրացումը ամենահարուստ քաղաքացիների համար, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտների ազգայնացումը, բուհերում վճարովի ուսուցման չեղարկումը եւ այլն։