Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհահատվածում բարձրավոլտ (10 հազ. վոլտ հզորությամբ) էլեկտրասյան վրա տղամարդ է հոսանքահարվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ նրան ցած իջեցնելու համար: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները մեծ դժվարությամբ էլեկտրասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացուն, ով շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Սակայն ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա մինչ հիվանդանոց տեղափոխվելն է մահացել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգիթ Հակոբյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Նահապետյանի և համայնքայիյն ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկանների այսքան մեծ խմբերի ժամանման պատճառը եղել է այն, որպեսզի մահացածի հարազատներն ու ընկերները չմտնեն էլեկտրաենթակայան՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Զովունի գյուղի բնակիչ, 54-ամյա Վալերիկ Բաղդասարյանն էր: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտակյքի մարզային քննչական վարչության Նաիրիի բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Քոլոյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկութուններով, մահացածը աշխատում էր «Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում, որպես էլեկտրամոնտաժող և դեպքի վայր են ժամանել նաև նշված ՓԲԸ-ի ներկայացուցիչները: