Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսով տնային կենդանիների վարակման դեպքերի մանրամասն մոնիթորիգ է անում։ Կենդանիներից մարդուն վարակի փոխանցման վկայություններ առայժմ չկան, ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարեւիչը՝ մեկնաբանելով Չինաստանից այն տեղեկատվությունը, թե Ուհանում կատուների 15%-ը վարակված է կորոնավիրուսով։

«Մենք տեղյակ ենք, որ COVID-19-ով պացիենտների տնային կենդանիներն առանձին դեպքերում վարակվել են այդ հիվանդությամբ։ Այնուամենայնիվ, ներկա պահին չկան վկայություններ այն մասին, որ տնային կենդանիները տարածում են հիվանդությունը»,- ասել է նա։

Ինչպես ընդգծել է Յազարեւիչը, ԱՀԿ-ն «ազգային իշխանությունների եւ Կենդանիների առողջության պահպանության համաշխարհային կազմակերպության (OIE) հետ այդ դեպքերի մանրամասն մոնիթորինգ է իրականացնում»։ Յազարեւիչը հիշեցրել է, որ OIE-ի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի տարածման հիմնական ճանապարհը «մարդուց մարդուն փոխանցումն է»։ Սակայն «գոյություն ունի հավանականություն, որ որոշ կենդանիներ վարակվում են հիվանդ մարդկանց հետ սերտ շփման միջոցով, ասել է նա։ ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսով հիվանդ մարդիկ պետք է ահմանափակեն տնային կենդանիների հետ շփումները, երբ խնամում են նրանց, եւ հետեւեն հիգիենայի հիմնական կանոններին, նշել է կազմակերպության ներկայացուցիչը։

Ավելի վաղ էլեկտրոնային bioRxiv գրադարանում հրապարակված հոդվածում տեղեկացվել էր, որ չինացի անասնաբույժները հավաքել են Ուհանում ապրող 100 թափառող եւ տնային կատուների անալիզներ եւ հայտնաբերել, որ նրանց 15%-ը վարակված է կորոնավիրուսով։ Թե ինչպես են վարակվել թափառող կատուները, գիտնականներն առայժմ չեն կարող ասել։

OIE-ն ապրիլի 3-ին հայտնել է մարդուց կատվին կորոնավիրուսի փոխանցման մասին, որը գրանցվել է Հոնկոնգում։ Կազմակերպության կայքում ասվում է, որ կատուն մարտի 30-ից, երբ նրա տիրոջը կորոնավիրուսով հոսպիտալացրել են, կարանտինի մեջ է գտնվում։ Որեւէ հատուկ ախտանիշ կենդանու մոտ չի դիտարկվել։