Շուրջ երկու տարի է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախին պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Սկզբնաղբյուրում սևը սպիտակի վրա գրված է, որ Քաղավիացիայի կոմիտեի տված լիցենզիաները կասկածի տակ են առնված: Եվ ոչ մի խոսք չկա Քաղավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու մասին: Բայց արի ու տես, որ հայտնվեցին կամ ավելի շուտ նպատակաուղղված ատեղծվեցին նյութեր, որոնք տարածում էին, թե Քաղավիացիայի կոմիտեին են զրկել լիցենզիայից: Ինչն էլ այսօր իշխանությունը հերոսաբար հերքում է՝ պատրանք ստեղծելով, թե տեղեկատվությունը սուտ է», գրում է նախկին պատգամավորը:

Մինչդեռ, ըստ Մ․Հակոբյանի, փաստ է, որ կա 57 էջանոց զեկույց, որը վատն է, և առնվազն առաջիկա տարիների ընթացքում լրջագույն խնդիրներ է առաջացնելու Քաղավիացիայի կոմիտեի կողմից լիցենզավորվող տնտեսվարողների համար:

«Օրինակ՝ X ավիաընկերությունը չի կարողանալու լիցենզիա ստանալ Քաղավիացիայի կոմիտեից և կանոնավոր կամ չարթերային թռիչք իրականցնել եվրոպական ուղղությամբ: Ավելի ճիշտ՝ կարող է լիցենզիա ստանալ, բայց այդ լիցենզիան առ ոչինչ է լինելու գոնե  եվրոպական տարածքում: Ի՞նչ է սա նշանակում. X ավիաընկերություններին Քաղավիացիայի կոմիտեն լիցենզիա է տրամադրել և այդ ընկերությունները չեն կարողացել «քննությունն անցնել» ԵՄ տարածքում, հետևաբար եվրոպական տարածքում Քաղավիացիայի կոմիտեի աշխատանքը «քննությունից կտրվել է» և նրա տված լիցենզիաները առ ոչինչ են համարվում ԵՄ տարածքում մինչև այն պահը, երբ բացթողումներն ու թերությունները Քաղավիացիայի կոմիտեում կշտկվեն: Իսկ մինչև ժողվարչապետի իշխանության գալը նման խնդիր երբևէ չի եղել: Կրկնում եմ՝ երբևէ չի եղել: Քաղավիացիայի կոմիտեի տված լիցենզիայով Եվրոպա թռչող ոչ մի բորտ երբևէ խնդիր չի ունեցել:

Հիմա հերոսաբար հերքում են, բուն թեման շեղում են ու տանում  չեղած բանը հերքելու ուղղությամբ, նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ և այլն: Ահա այսպես շուրջ երկու տարի է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է, ֆեյքնյուզ է հորինում և իր հորինածը հերոսաբար հերքում՝ կարծելով, թե հնարավոր է անվերջ խաբել ու մոլորեցնել ժողովրդին: Չի ստացվելու, ուղղակի չի ստացվելու», գրել է Միհրան Հակոբյանը եւ հետգրություն թողել․

«Հ. Գ. Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված: Սուտը չի անցնելու»: