«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, վկայակոչելով Կանանց աջակցման կենտրոնի (ԿԱԿ) վերլուծությունը, հաղորդում է, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով կանանց սոցիալական վիճակի վատթարացում է արձանագրվել։

ԿԱԿ-ը համարում է, որ ճգնաժամների ժամանակ կանայք ավելի են տուժում  և իրենց վրա ունենալով երեխաների հոգսը հաճախ աղքատության մեջ են հայտնվում, եւ այժմ կորոնավիրուսի հետևանքների պատճառով կանայք այժմ հայտնվել են առավել խոցելի վիճակում:

«Շատերը օրավարձով և չգրանցված աշխատողներ են, որոնք այսօր մատնվել են անգործության և մնացել են առանց եկամտի։ Ընտանեկան բռնություն վերապրած կանայք հաղթահարել են շատ դժվարություններ, անցել հոգեբանական վերականգնման շրջան ու հաճախ, չունենալով աշխատանքային փորձ և հմտություններ, փորձում էին աշխատաշուկայում գտնել իրենց տեղը։ Կանանց աջակցման կենտրոնը իր շահառուներին տրամադրել է առաջնային օգնություն, սակայն կա մտավախություն, որ սահմանափակումների երկարատևության դեպքում մենք ևս չենք կարողանա ողջ ծավալով սոցիալական աջակցություն տրամադրել նրանց ու կանայք կհայտնվեն անելանելի վիճակում»։

Կանայք, ըստ ԿԱԿ-ի, այս օրերին ունեն հեռախոսակապից օգտվելու դժվարություն, քանի որ «մեր փորձը ցույց է տվել, որ ընտանեկան բռնության ենթարկվող կանանց հեռխոսահամարներն իրենց ամուսինների անունով են և խիստ վերահսկվող։ Այժմ, երբ բոլորը տանն են, վերահսկողությունն էլ ավելի է մեծացել և կանայք հաճախ չեն կարողանում նույնիսկ անհրաժեշտ զանգ կատարել տնից»։

2019 թվականի մարտին ԿԱԿ-ի թեժ գծին հեռախոսազանգերի ընդհանուր թիվը ավելացել է 26-ով եւ հասել 109-ի,  86 զանգերից 56-ը ընտանեկան բռնության ահազանգեր են,  30-ը՝ սոցիալական աջակցության։

Կենտրոնն ահազանգում է, որ տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով բռնության ենթարկվող կանայք չեն կարողանում հասնել նույնիսկ տեղամասային ոստիկանություն, կամ Կանանց աջակցման կենտրոնի գրասենյակ։

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեզ դիմած կանանցից մեկը, որը 25 տարի շարունակ ամուսնու կողմից ենթարկվել էր բռնության, ուղղակի ոտքով դուրս է եկել տնից՝ այս օրերին սակավ տրանսպորտի պատճառով և մոտեցել առաջին իսկ հանդիպած ոստիկանին՝ աջակցության ակնկալիքով։ Վերջինս առաջարկել է տեղամասային ոստիկանություն դիմել, իսկ կնոջ հարցին, թե ինչպես հասնել այնտեղ, պատասխանել է, թե իր գործը չէ։ Կինը հուզված մոտեցել է պատահական տաքսու վարորդի և խնդրել, որ օգնի իրեն։ Ի վերջո, կարեկից մարդկանց աջակցությամբ, ինչպես նաև կենտորն ոստիկանության ուղղորդմամբ կինը հայտնվել է մեր ապաստարանում»։

ԿԱԿ-ը ոստիկանության աշխատակիցների զգայնության պակաս է արձանագրել․

«Վերոնշյալ դեպքը ցույց է տալիս, որ նման իրավիճակները կարող են կրկնվել և հանրային վայրերում հսկողություն իրականացնող ոստիկաններին հարկ է, որ զգայուն լինեն ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ, տիրապետեն ուղղորդման մեխանիզմներին, ինչպես նաև՝ ձեռքի տակ ունենան հասարակական կազմակերպությունների թեժ գծերն ու ահազանգեն»։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ակնկալում է պետական մարմինների, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների և անհատների աջակցությունը, այս բարդ ժամանակահատվածում կանանց աջակցելու և նրանց՝ բռնությունից դուրս ապրելու իրավունքը պաշտպանելու գործում։