Ռուսաստանի դաշնությունում գտնվող 220 ՀՀ քաղաքացի ապրիլի 6-ին կկարողանա վերադառնալ հայրենիք: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ռուսաստանում հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը` հավելելով, որ հնարավոր է եւս մեկ նման չարտերային թռիչք լինի ապրիլի 7-ին՝ նույնքան ուղեւորներով:

«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ոչ մի ՀՀ քաղաքացի դրսում, կամ սոված չի մնացել, բոլորին տեղավորել ենք ՀՀ դեսպանության, ՌԴ-ում  Հայերի միության եւ Հայերի միավորման համատեղ ջանքերի միջոցով: Հիմա էլ աջակցում ենք, որ նրանք կարողանան վերադառնալ Հայաստան»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ վերադարձի տոմսերը բավական թանկ են` 16 000 ռուբլի, սակայն իրենք աջակցում են քաղաքացիներին, նաեւ Հայաստանի Կառավարությունն է աջակցելու:
«Քանի որ չարտերային թռիչք է, այդ պատճառով են տոմսերը բավականին թանկ, սակայն մենք բոլորին աջակցում ենք տոմսերը ձեռք բերելու հետ կապված: Նաեւ քննարկել ենք այդ թռիչքով ՌԴ քաղաքացիների վերադարձը, սակայն ՌԴ-ն ունի որոշում, որ չի ընդունելու իր քաղաքացիներին: Եթե համաձայնեին, այդ դեպքում ինքնաթիռը դատարկ չէր վերադառնա եւ տոմսն էլ բավական էժան կլիներ»,- հավելեց նա: 
Դավիթ Տոնոյանի խոսքով` հնարավոր է երրորդ չարտերային թռիչք կազմակերպվի ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հետ կապված:
Նշենք, որ ապրիլի 2-ին չվերթների հետաձգման պատճառով ՀՀ քաղաքացիները չէին կարողացել վերադառնալ Հայաստան: Դեսպանությունը կապվել էր քաղաքացիների հետ եւ փորձել լուծել խնդիրը: